38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
22.03.2013 | 12:18

Քահանա Ալեքսանդր ԵԼՉԱՆԻՆՈՎ

(1881-1934)

Ծնունդը միստիկական իրողություն է։ Մեզ է այցելում բանբերն այլ աշխարհից։
Հարազատների մահը մեր մեջ ավելի է ուժեղացնում առեղծվածային զգացումները։ Հեռանալով մեզնից, նրանք իրենց հետևից մեր հոգու հյուսվածքից քաշում են երկար մի հաղորդալար։ ՈՒ մենք արդեն չենք կարող ապրել միայն այս աշխարհով. մեր տաք, հարմարավետ տան մեջ դրվում է մի ապարատ, որն ուղղված է դեպի անսահմանություն։

Ինքնասիրությունը, որը սատանայի իսկական շնչառությունն է, կրծում է հոգիները, քանդում ընտանիքները, սպանում ցանկացած ընդհանուր գործ։
ՈՒ ի՜նչ դժվար է Աստծու համար, երբ տեսնում է մարդկանց, ովքեր համառությամբ դժոխք են կառուցում, չեն ցանկանում ո՛չ լույս, ո՛չ երանություն։
Ինչքան երկար ես ապրում, այնքան ավելի համոզիչ ես տեսնում, թե որքա՜ն հզոր է սատանան։

Ով ազատություն է տալիս սեփական սրտի բարի մղումներին, նախ և առաջ ինքն է հարստանում։ Նրա հոգում հայտնվում են բժշկող լուսավոր ուժերը, զվարթությունը, խաղաղությունը, որոնք և բուժում են մեր հոգու բոլոր հիվանդություններն ու խոցերը։ Իսկ խստասիրտը հակառակը` սեղմում է սեփական սիրտն ու ներս է թողնում միայն ցուրտը, թշնամանքն ու մահը։

Երբ կլրանան ժամանակներն ու ժամկետները, երբ վրա կհասնի համաշխարհային աշունը և Աստված կուղարկի Հրեշտակներին հունձ անելու, նրանք ի՞նչ կգտնեն մեր սրտերի անպտուղ դաշտերում։ Բայց չմոռանանք, որ այդ ժամանակներն ու ժամկետները մեզնից յուրաքանչյուրի համար գալիս են մինչև ընդհանուր հունձի ժամանակը։
Սակայն չհուսալքվե՛նք։ Տեսե՛ք, սերմանողը, այնուամենայնիվ, ցանում է և՛ քարերի, և՛ փշերի մեջ։ ՈՒրեմն, Նա ինչ-որ հույս ունի և այս դեպքում։ Եվ մենք սրբերի վարքից գիտենք, թե հոգին, որը թվում էր, թե վերջնականապես աղտոտված է մեղքով, կուրացած կրքերով, որքա՜ն հաճախ է դառնում իսկական արգավանդ հող։

Չպետք է կարծել, թե գոյություն ունի հարստության միայն մի տեսակը` փողը։ Կարելի է լինել հարուստ, լինելով ջահել, ունենալ տաղանդի մի գանձ, ունենալ առողջության կապիտալ։ Բոլոր այդ հարստությունները նույնպիսի արգելքներ են փրկվելու համար։
Նյութական հարստությունը ստրկացնում է մեզ, սրում մեր եսասիրությունը, տագնապի մեջ գցում մեր սիրտը, ճնշում է մեզ հոգսերով, վախերով, պահանջում զոհաբերություններ` անկուշտ դևի պես։ Ոչ թե նա է ծառայում մեզ, այլ մենք ենք սովորաբար ծառայում իրեն։ Սակայն մի՞թե նույնը չէ և առողջության, ուժի, երիտասարդ լինելու, գեղեցկության, տաղանդի պարագայում։ Մի՞թե նույն կերպ էլ չեն սաստկացնում դրանք մեր գոռոզությունը, գերելով մեր սիրտը, շեղելով այն Աստծուց։
Այո՛, իսկապես երանելի են աղքատները, ունեցվածքի իմաստով` ինչքան հեշտ է նրա համար ձեռք բերել ոգու ավետարանական պարզությունը և ազատագրումը երկրային կապանքներից, բայց երանելի են և նրանք, ովքեր չունեն առողջություն և երիտասարդական թարմություն (քանզի «մարմնով տանջվողը դադարում է մեղք գործելուց»), երանելի են անհրապույրները, անտաղանդները, անհաջողակները, նրանք չունեն իրենց մեջ գլխավոր թշնամուն` հպարտությունը, քանզի չունեն որևէ բան, որով կարողանան հպարտանալ։
Սակայն ինչպե՞ս վարվել, եթե Աստված շնորհել է մեզ այս կամ այն երկրային հարստություններից։ Մի՞թե չենք փրկվի, մինչև որ չազատվենք դրանցից։ Կարելի է թողնել սեփական հարստությունը և փրկվել։ Իսկ մյուս իրողությունների դեպքում հարկավոր է ներքնապես ազատվել նրանից, պոկել նրանից սեփական սիրտը, տիրել սեփական հարստության վրա, կարծես չտիրելով և չթողնելով, որ նա տիրի քեզ, բերել այն Քրիստոսի ոտքերի տակ և ծառայել Նրան դրանով։
Մեր սերն Աստծո նկատմամբ չափվում է մեզ ուղարկվող տառապանքներն ու դժբախտություններն ընդունելու և դրանց մեջ Աստծո ձեռքը տեսնելու մեր պատրաստակամությամբ։ Մեզ կարող է սատարել միայն այն, որ այդ տառապանքները մեր նկատմամբ Աստծո ունեցած սիրո չափն են։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ